Չինաստանը կոչ է անում պահպանել շուկայական տնտեսության սկզբունքներն ու միջազգային առևտրի կանոնները, ինչպես նաև դադարեցնել միջազգային առևտրային կարգի խաթարումը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ծյակունը։
Ավելի վաղ Բլումբերգ գործակալությունը հաղորդել էր, որ G7-ը պատրաստվում է հայտարարել օգտակար հանածոների արդյունահանման դաշինք ստեղծելու մասին՝ շուկայում Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար։
«Մենք կոչ ենք անում G7-ին պատշաճ կերպով պահպանել շուկայական տնտեսության սկզբունքները և միջազգային առևտրի կանոնները, դադարեցնել միջազգային առևտրային կարգը «նեղ շրջանակի» կանոններով խափանումը և համատեղ ապահովել համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը», - հայտարարել է Գո Ծյակունը։
Նա հավելել է, որ արտահանման վերահսկողության ազգային համակարգի ստանդարտացման և կատարելագործման ուղղությամբ Չինաստանի ջանքերը համապատասխանում են միջազգային պրակտիկային և ուղղված են աշխարհում խաղաղության ու տարածաշրջանային կայունության ավելի արդյունավետ ապահովմանը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարմանը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը հոկտեմբերի 9-ին հայտնել է, որ նոյեմբերի 8-ից արտահանման վերահսկողություն է սահմանում մի շարք ապրանքների վրա, որոնք կապված են միջին և ծանր հազվագյուտ հողային տարրերի, լիթիումային մարտկոցների և արհեստական գրաֆիտից անոդային նյութերի, հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և վերամշակման սարքավորումների, հումքի և գերամուր նյութերի հետ։





























