Իսրայելի իշխող «Լիքուդ» կուսակցությունը չորեքշաբթի ուշ երեկոյան երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ավագ որդուն՝ Յաիրին, առաջադրել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության (WZO) խորհրդի պաշտոնում, ինչը սպառնում է ձախողել նույն օրն ավելի վաղ ձեռք բերված փոխզիջումային համաձայնագիրը՝ առանցքային սիոնիստական ինստիտուտներում նշանակումների վերաբերյալ, գրում է Times of Israel-ը։
Յաիր Նեթանյահուի թեկնածության շուրջ քվեարկությունը՝ որպես կազմակերպության դեպարտամենտի ղեկավար, ավելի ուշ հետաձգվել է երկու շաբաթով, այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել է «Լիքուդ» կուսակցության մշակույթի նախարար Միքի Զոհարը, իսկ ընդդիմադիր «Եշ Աթիդ» և «Դեմոկրատներ» կուսակցություններն ի պատասխան հայտարարել են, որ իրենք այլևս համաձայնություն չեն տա Համաշխարհային սիոնիստական կազմակերպության (WZO) և Հրեական ազգային ֆոնդի (KKL-JNF) հաջորդ ղեկավարների շուրջ գործարքին։
Կրտսեր Նեթանյահուն, ով վերջին երկու տարիների մեծ մասն ապրել է Մայամիում, առավել հայտնի է սոցիալական ցանցերում իր ակտիվ ներկայությամբ և եվրոպական ու ամերիկյան մի շարք ծայրահեղ աջ քաղաքական և այլ գործիչների հետ կապերով։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների, այն պաշտոնը, որին նա առաջադրվել է, նախատեսում է գրասենյակ, մեքենա և կառավարության նախարարի աշխատավարձին համաչափ աշխատավարձ։ «Մենք ցնցված էինք այս զզվելի որոշման մասին լսելով», - հայտարարել են ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի «Եշ Աթիդ» կուսակցությունից՝ խոստանալով, որ «նման գործարք չեն ստորագրի»։
Լապիդը հավելել է. «Դա տեղի չի ունենա։ Վերջ»։
Դեմոկրատների նախագահ Յաիր Գոլանը Նեթանյահու կրտսերին անվանել է «նողկալի մարդ, որն իր կյանքը նվիրել է կործանմանն ու բաժանմանը» և ասել, որ «նա արժանի չէ հրեական ժողովրդին ներկայացնելուն», ինչպես նաև հայտարարել է, որ «մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»։




























