Թուրքիան հույս ունի ապահովել Բեռլինի օգնությունը ԵՄ պաշտպանական ծրագրին հասանելիություն ստանալու հարցում, չնայած Հունաստանի դեմ արտահայտվելուն, հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Անկարա կատարած այցի ժամանակ Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Անկարա ժամանած Մերցը պետք է հանդիպեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիայի մայրաքաղաքում, որտեղ նախատեսվում է քննարկել պաշտպանության, անվտանգության և միգրացիայի հարցեր, հայտնել են երկու կողմերի աղբյուրները։ Բեռլինը հայտարարել է, որ կքննարկվի երկկողմ և արտաքին քաղաքականության հարցեր, ինչպես նաև միգրացիայի, անվտանգության և բիզնեսի ոլորտներում ավելի սերտ համագործակցությունը։ Մերցը հույս ունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ավելի շատ մերժված ապաստան խնդրողներ ընդունելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ, բայց ոչ ԵՄ անդամ Թուրքիայի համար նպատակն է ապահովել Գերմանիայի օգնությունը դաշինքի 150 միլիարդ եվրոյի (176 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ «Եվրոպայում անվտանգության ապահովման միջոցառումներ» (SAFE) նախաձեռնությանը հասանելիություն ստանալու հարցում։
Չնայած Թուրքիան տեխնիկապես դրա իրավունքն ունի, սակայն հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների հավանությունը, ինչը Հունաստանը սպառնացել է արգելափակել։
«Գերմանիայի կանցլերի այցի ընթացքում կքննարկվի անվտանգության մեխանիզմը և այն, թե ինչպես է Թուրքիան հասանելիություն ստանալու այդ ծրագրին»,- նշել է երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը։ «Այդ իմաստով դա կարևոր այց է։ Միակ բանն այն է, որ Հունաստանը խոչընդոտում է Թուրքիայի մասնակցությունը SAFE ծրագրին, և Գերմանիան կարող է դեր խաղալ դրա հաղթահարման գործում։ Թվում է, թե Գերմանիան ևս ցանկանում է դա։ Եվրոպան պետք է որոշում ընդունի այս հարցի վերաբերյալ»։
Եթե Անկարան չկարողանա մուտք գործել SAFE նախաձեռնությանը, հարցը կլինի՝ «ինչպես է (Թուրքիան) զարգացնելու պաշտպանական հարաբերությունները» Եվրոպայի հետ։
Հուլիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը թույլ չի տա Թուրքիային մասնակցել պաշտպանական ծրագրին, եթե Անկարան շարունակի պատերազմով սպառնալ Հունաստանին և կասկածի տակ դնել նրա ինքնիշխանությունը Եգեյան ծովում։





























