2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, պետական բնակարանային ապահովման աջակցության ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3240 ընտանիք վկայագրեր է ստացել: 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 30-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա՝ իրենց վկայագրերն իրացրել է 1210 ընտանիք՝ ավելի քան 5200 մարդ: Այդ ընտանիքները, ինչպես նշել է նախարարը, արդեն ապրում են իրենց տներում:
«Այս ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 800 միլիարդ դրամ»,- ասել է Թորոսյանը:
Նախարարն ընդգծել է, որ ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել:
«Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը։ Մասնավորապես, ընտանիքի բոլոր անդամների միավորում (ծրագրի շահառու) ներառելու պահանջը չի տարածվի այն ընտանիքի անդամների վրա, որոնք դատարանի որոշմամբ անհայտ կորած են ճանաչվել։ Դա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պահանջները բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել դրա արտոնություններից։ Ծրագրի շահառուների այն ընտանիքի անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս էին, բայց դիմումի պահին լրացել են 18 տարեկան, կկարողանան ստանալ վկայագիր, եթե ցանկանան, բայց որպես առանձին ընտանիք։ Այդ դեպքում ընտանեկան միավորում ներառվելու պահանջը չի տարածվի այդ անձի վրա»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։





























