Նախ, երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև ընթանում է առարկայական երկխոսություն՝ Ռուսաստանի քաղաքացիներին արագ հայրենիք վերադարձն ապահովելու համար, հոկտեմբերի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ձերբակալված ռուսների հարցը:

«Երկրորդ, մենք արդեն հայտնել ենք, որ մեր լրագրողները՝ «Sputnik Азербайджан» լրատվական գործակալության ղեկավարները, վերադարձել են Ռուսաստան: Իգոր Կարտավիխը վերադարձել է հոկտեմբերի 19-ին, իսկ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը՝ հոկտեմբերի 25-ին: Սանկտպետերբուրգցի ուսանող Դմիտրի Ֆյոդորովի հետ կապված իրավիճակը, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս: Կան բազմաթիվ նշաններ նրա վատառողջության մասին: Եվ ես կցանկանայի ընդգծել, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը երեկ կրկին ադրբեջանական կողմին է ներկայացրել իր խնդրանքը՝ ռուս քաղաքացու հետ հանդիպման և որակյալ բժշկական օգնության համար: Ցավոք, հյուպատոսական հասանելություն դեռևս չի տրամադրվել: Այս թեման մեր ուշադրության կենտրոնում է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Sputnik Азербайджан»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և այլ աշխատակիցներ, որոնց թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, ձերբակալվել են հունիսի վերջին։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեղադրանքներով։