Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդը Կանադայում ԱՄՆ դեսպանից պահանջել է ներողություն խնդրել՝ դեսպանի և նահանգի առևտրային ներկայացուցչի միջև լարված վիճաբանություից հետո, հաղորդում է BBC News-ը։

Վեճը, որը CBC News-ը«հայհոյանքներով լի երկարաշունչ ճառ» է բնութագրել, տեղի է ունեցել ԱՄՆ դեսպան Փիթ Հուքսթրոյի և Օնտարիոյի առևտրային ներկայացուցիչ Դեյվիդ Փաթերսոնի միջև՝ Թրամփի մաքսատուրքերը քննադատող հեռուստատեսային գովազդի պատճառով։

Դիտողությունները «լիովին անընդունելի» և «դեսպանին անհարիր» անվանելով՝ Ֆորդը Հուքսթրոյին կոչ է արել մեղքը քավել։

«Փիթ, դու պետք է զանգահարես Դեյվին և ներողություն խնդրես։ Այդքան բան»,- ասել է Ֆորդը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները գովազդի պատճառով և սպառնացել է լրացուցիչ 10% մաքսատուրք սահմանել կանադական ներմուծման նկատմամբ։

Օնտարիոյի կառավարության վճարած գովազդում օգտագործվում է Ռեյգանի մեջբերումը մաքսատուրքերի մասին, որոնք «վնասում են յուրաքանչյուր ամերիկացու», ինչպես նաև նախկին նախագահի 1987 թվականի արտաքին առևտրի վերաբերյալ ազգային ռադիոուղերձից։

Ֆորդը ցանկանում էր օգտագործել գովազդը՝ Թրամփի աջակցությունը վայելող պահպանողական տարածաշրջաններում սակագների վերաբերյալ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով։

Վարչապետը նշել է, որ գովազդն «ավելի քան մեկ միլիարդ դիտում» է ապահովել և նկատվել է համաշխարհային լսարանի կողմից։