Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Անկարա կատարած այցի ժամանակ Թուրքիային «անփոխարինելի գործընկեր» է անվանել, գրում է գերմանական Stern.de պորտալը։
Ինչպես Մերցը նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիան «գրեթե բոլոր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում կարևոր խաղացող է»։
«Լավ և խորացված գործընկերությանն այլընտրանք չկա»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Մերցը «սոսկ զուսպ քննադատություն է արտահայտել», գրում են գերմանական լրատվամիջոցները
Անկարայում Մերցն ընդգծել է Թուրքիայի հետ՝ վերջին տարիներին հաճախ բարդ հարաբերությունների նոր հիմքեր դնելու իր ձգտումը։
«Եկեք առաջիկա ամիսներին և տարիներին ավելի լավ օգտագործենք մեր հարաբերությունների հսկայական ներուժը,- ասել է կանցլերը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ -Եվ դրա համար կան լավ պատճառներ, քանի որ մենք մտնում ենք նոր աշխարհաքաղաքական փուլ, որը ձևավորվում է մեծ տերությունների քաղաքականությամբ»։
«Որպես գերմանացիներ և եվրոպացիներ, մենք պետք է ընդլայնենք մեր ռազմավարական գործընկերությունը, և Թուրքիայի հետ լավ և խորացված գործընկերությունից խուսափելու ոչ մի ճանապարհ չկա,- ասել է Մերցը: -Երկու երկրներն էլ պետք է ավելի լավ օգտագործեն «այս գործընկերությանը բնորոշ տնտեսական հնարավորությունները»։
Կանցլերը Թուրքիայի կողմից Eurofighter կործանիչների գնումը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների անվտանգությանը նպաստող ներդրում անվանեց: «Ռուսաստանի ռազմատենչ ռևիզիոնիզմը մեծ հաշվով սպառնում է եվրաատլանտյան անվտանգությանը», նշել է Մերցը՝ նկատի ունենալով Ուկրաինայի պատերազմը։
Հետևաբար, Դաշնային կառավարությունն «ակնհայտորեն ողջունում է» Թուրքիայի կողմից 20 միավոր Eurofighter կործանիչների գնումը։
«Այս ինքնաթիռները ծառայում են դաշինքի կոլեկտիվ անվտանգությանը. դրանք բարձրացնում են ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը», - շեշտել է Գերմանիայի կանցլերը։
Հուլիսին Գերմանիայի դաշնային կառավարությունը կանաչ լույս տվեց Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ համատեղ արտադրված Eurofighter կործանիչներն ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիա արտահանելու համար։
Գերմանիան նախկինում արգելափակել էր այդ կործանիչների մատակարարումն Անկարային։





























