Ռուսաստանի գլխավոր ռաբբին Բերլ Լազարը խիստ քննադատել է չեչեն մուֆթի Սալահ-Խաջի Մեժիևի այն հայտարարությունը, որ հրեաները «Ալլահի թշնամիներն» են: Մուֆթին այս հայտարարությունն արել է «Չեչենական պատմություն. Պատերազմ և խաղաղություն» թոք-շոուի ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

 «Ալլահի թշնամիները՝ հրեաները և նրանց ստեղծած շարժումները, ինչպիսին աթեիզմն է, վաղուց գոյություն ունեն»,- հայտարարել է մուֆթին:

«Պարոն Մեժիևի խոսքերը վիրավորական են ամբողջ հրեա ժողովրդի և մեր հավատքի համար,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր ռաբբին,- Բայց, ըստ էության, դրանք ուղղված են ոչ միայն, և նույնիսկ ոչ այնքան, հրեաների դեմ, այլև այն ամենի դեմ, ինչն ամբողջ Ռուսաստանը կառուցել է տարիներ շարունակ»:

Բերլ Լազարը համոզված է, որ Սալահ-Հաջի Մեժիևի խոսքերը հակասում են մուսուլմանական համայնքի պաշտոնական դիրքորոշմանը, որի առաջնորդները հետևողականորեն պաշտպանում են միջկրոնական խաղաղությունը: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում Ռուսաստանում իսլամի առաջատար ներկայացուցիչները հանդես կգան հայտարարություններով՝ պաշտոնապես անհամաձայնություն հայտնելով Մեժիևի հակասեմական հայտարարություններին և կվերահաստատեն Ռուսաստանի մուսուլմանական համայնքի հանձնառությունը մեկ Աստծո հավատացյալների միջև խաղաղության և համերաշխության նկատմամբ,- ասել է Ռուսաստանի գլխավոր ռաբբին,- Մենք՝ հրեաներս, ավանդաբար իսլամը դիտարկել ենք որպես խաղաղության և հանդուրժողականության կրոն։ Եթե այս կրոնի առանձին ներկայացուցիչներին պակասում են մեր գաղափարախոսության, աշխարհում ամեն ինչի նկատմամբ մեր մոտեցման մասին գիտելիքները, ապա թող նախ դիմեն մեզ՝ իմանալու համար, թե ինչ են անում հրեաները և ինչպես են պաշտպանում իրենց հավատքի արժեքները»։