Եվրամիությունը զիջել է դիրքերը Չինաստանի հետ առեւտրային վեճերում՝ առեւտրային եւ տնտեսական հիմնական տարաձայնությունները լուծելու Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ձգտման ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Politico-ն՝ հղում կատարելով փորձագետներին։
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում նկատվող լիցքաթափումը, ինչպես նշել է պարբերականը, կարող է եվրոպական առաջնորդներին հնարավորություն տալ մշակել առեւտրի, հումքի եւ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ռազմավարություններ, սակայն «երկու մեծ տերությունների միջեւ հարաբերությունների ջերմացումը» եվրոպացիներին մղում է ծայրամաս։
Առեւտրային վեճերի պատճառով եվրոպական արդյունաբերությանը երկարաժամկետ եւ անդառնալի վնաս հասցնելու վախը Բրյուսելին դրդել է ավելի հաշտեցնող դիրքորոշում ընդունել այս դիմակայության մեջ՝ շեշտը դնելով ներգրավվածության եւ երկխոսության, այլ ոչ թե պատժիչ միջոցների վրա, նշվել է հրապարակման մեջ։
Սակայն չինացի պաշտոնյաները դեմ են ԵՄ-ի հետ բանակցությունների «դանդաղ եւ չհամաձայնեցված տեմպին»։ Արդյունքում, ըստ Eurasia Group խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Ջերեմի Չանի, Չինաստանը Եվրոպան բացառել է իր առաջնահերթությունների ցանկից։ «ԵՄ-ը լավագույն դեպքում երկրորդական, գուցե նույնիսկ երրորդական [գործոն] է, եւ գուցե բնավ հաշվի չի առնվում բանակցություններում ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ Պեկինի կողմից»,- ասել է նա Politico-ին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։ Դրանք տեւել են մեկ ժամ 40 րոպե։ Հանդիպման ընթացքում Սի Ծինփինը կոչ է արել ապահովել երկկողմ հարաբերությունների առաջադիմական զարգացումը։ Նա նաեւ նշել է, որ չինացի եւ ամերիկացի բանակցողները հիմնարար կոնսենսուսի են հասել առեւտրային եւ տնտեսական հիմնական տարաձայնությունները լուծելու հարցում։ Թրամփը հանդիպումը գնահատել է «հրաշալի»։ Այս բանակցություններից առաջ Թրամփը եւ Սի Ծինփինը հանդիպել էին 2019թ․ Օսակայում կայացած G20 գագաթաժողովի շրջանակում։





























