ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, բացատրելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումները վերսկսելու որոշումը, ասել է, որ այս փորձարկումները անհրաժեշտ են վստահ լինելու համար, որ միջուկային զինանոցն աշխատանքային վիճակում է։

«ԱՄՆ ազգային անվտանգության համար կարեւոր է վստահ լինել, որ մեր միջուկային զինանոցն իսկապես գործում է, եւ դա փորձարկման համակարգի մի մասն է։ Որպեսզի տարընթերցումներ չլինեն․ մենք գիտենք, որ այն պատշաճ ձեւով է աշխատում, բայց պետք է ժամանակ առ ժամանակ փորձարկվի, եւ նախագահը պարզապես ցանկանում է համոզվել, որ մենք դա անում ենք»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Վենսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցցանցում հայտնել է, որ հրամայել է ԱՄՆ զինված ուժերին վերսկսել միջուկային փորձարկումները։

Թրամփի արտահայտություններից պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը. միջուկային պայթյունների վերսկսմա՞ն, որոնք առաջատար միջուկային տերությունները տասնամյակներ շարունակ չեն իրականացրել, թե՞, օրինակ, հրթիռների թեստային արձակման։