Այսօր` հոկտեմբերի 31-ին, ժամը 12։00-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մուտք կարվի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկի վերաբերյալ «Տաշիր Կապիտալի» դիմումը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր հունիսի 6-ի առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հարգելի՜ հայրենակիցներ,
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ)»։
Իր հերթին ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Պարզվում է՝ ՀԷՑ-ի առաջարկած՝ սակագնի հաշվարկի վերանայումը որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝ ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար: 20 լումայով։ Այս թիվը վերցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա: Եթե տոկոսային նայենք, ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%»։




























