Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) ղեկավար Կայա Կալասի կադրային որոշումը հանգեցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հակամարտության, որում վերջինս հաղթանակ է տարել ԵՄ ապարատում իշխանության համար պայքարում: Այս մասին հաղորդել է գերմանական Die Welt թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Թերթի տեղեկացմամբ՝ քաղաքական գործիչների միջեւ վեճը սկսվել է Կալասի առաջարկից՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մարտին Զելմայրին նշանակել EEAS ղեկավարի տեղակալ: Ֆոն դեր Լյայենը Կալասի գաղափարը համարել է սադրանք, քանի որ Զելմայրը Եվրահանձնաժողովի նախագահի կոշտ հակառակորդն է:

Die Welt-ի աղբյուրները հավաստիացրել են, որ ԵՄ ոչ մի երկիր չի աջակցել Կալասին այս հակամարտությունում: Ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ ԵՄ հանձնակատարների կոլեգիան ստեղծել է կրոնի եւ համոզմունքների ազատության հանձնակատարի պաշտոնը, որն անմիջապես առաջարկվել է Զելմայրին՝ նրան եվրոպական դիվանագիտության ղեկավարի ազդեցությունից հեռացնելու համար:

Կալասի պարտությունը հակամարտությունում ընդգծել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ծանր վիճակը, որը տառապում է ֆինանսավորման պակասից, եւ ամրապնդել ֆոն դեր Լյայենի դիրքերը դաշինքում, նշել է թերթը։