«Մելիսա» փոթորիկը Յամայկայում եւ Հաիթիում խլել է մոտ 50 մարդու կյանք, ուրբաթ հաղորդել է Associated Press-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ փոթորկի հետեւանքով Յամայկայում զոհվել է 19, իսկ Հաիթիում՝ 30 մարդ։ Սակայն երկու երկրների փրկարարները չեն բացառում զոհերի թվի աճը, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
EFE լրատվական գործակալության տվյալներով՝ Հաիթիում 18 մարդ դեռեւս անհետ կորած է համարվում, իսկ մի քանի հազար մարդ ժամանակավոր կացարաններում է գտնվում՝ երկրի հարավում եւ հարավ-արեւելքում իրենց տներից տարհանվելուց հետո։
Յամայկայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ մոտ 500 հազար մարդ մնում է առանց էլեկտրաէներգիայի, կան խնդիրներ հեռախոսային կապի հետ կապված։ Փոթորիկը զգալի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին։
Կուբայում փրկարարները նույնպես շարունակում են վերացնել փոթորկի հետեւանքները, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։ Շատ տարածքներ հեղեղումների են ենթարկվել, իսկ տներն ու այլ շենքեր վնասվել են։ Ընդհանուր առմամբ Կուբայի արեւելքում տարհանվել է ավելի քան 730 հազար մարդ։
«Մելիսային» ներկայում տրվել է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով 2-րդ կարգ, որի դեպքում կայուն քամու առավելագույն արագությունը կազմում է մոտ 165 կմ/ժ (103 մղոն/ժ): Փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Բերմուդյան կղզիներից 420 կիլոմետր (260 մղոն) արեւմուտք:




























