ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ եկել է «ֆիլիբաստերի» ավանդույթը չեղարկելու ժամանակը, որպեսզի շրջանցի դեմոկրատ սենատորների մարտավարությունը շարունակվող շաթդաունի պայմաններում։

«Ֆիլիբաստերը» հարցի լուծումը հետաձգող խորհրդարանական ընթացակարգ է, որն այժմ օգտագործվում է ԱՄՆ Սենատում դեմոկրատների կողմից՝ կառավարության ֆինանսավորման օրինագիծը ամեն անգամ մերժելու համար։

«Հիմա ժամանակն է, որ հանրապետականները խաղարկեն իրենց «Թրամփի հաղթաթուղթը» եւ գնան այսպես կոչված «միջուկային տարբերակի»՝ «ֆիլիբաստերին» վերջ տալու համար, եւ վերջ դնեն դրան հիմա»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում։

Պարզ չէ, թե ինչ նկատի ունի Թրամփը «միջուկային տարբերակ» ասելով։ Հինգշաբթի նա նշել է, որ հրամայել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը հոկտեմբերի 1-ին։ Ներկա դադարը պատմության մեջ երկրորդ ամենաերկարն է։ Հակառեկորդը եւս պատկանում է Թրամփի վարչակազմին. 35-օրյա դադարն ավարտվեց 2019թ․ հունվարին։ Հարյուր հազարավոր պետական ​​​​աշխատողներ աշխատավարձ չեն ստացել, մոտ 1.5 միլիոնը ստացել է ոչ լրիվ աշխատավարձ։ Եթե ​​ԱՄՆ կառավարության բյուջեն չհամաձայնեցնեն մինչեւ նոյեմբերի 5-ը, ներկայիս դադարը կլինի ամենաերկարը։