Վաշինգտոնը որոշել է Բուդապեշտում չանցկացնել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Մոսկվայից ստացել է ուկրաինական հարցի վերաբերյալ կոշտ պահանջներով հաղորդագրություն, ուրբաթ հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ը չեղարկել է Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպումն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Վաշինգտոնին ուղարկել է հաղորդագրություն, որում պնդում է ուկրաինական հարցի վերաբերյալ կոշտ պահանջների մասին, որին հաջորդել է երկու երկրների դիվանագիտության ղեկավարների միջեւ լարված զրույց»,- գրել է թերթը։
Նրա երեք աղբյուրների համաձայն՝ նախագահների հոկտեմբերի 16-ի զրույցից հետո, որի ընթացքում նրանք համաձայնել էին գագաթաժողովին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին ուղարկել է հաղորդագրություն, որում ուրվագծվել է Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հիմնական պատճառների լուծման հարցում։
Պահանջները, ըստ FT-ի, վերաբերում են տարածքային հարցերին, Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թվի կտրուկ կրճատմանը եւ երաշխիքներին, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։ Մի աղբյուրի համաձայն՝ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի հեռախոսազրույցից հետո Ռուբիոն Թրամփին տեղեկացրել է, որ Մոսկվայի կողմից բանակցությունների ցանկություն չի տեսնում։
Աղբյուրները նշել են, որ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել ռուսական կողմի հետ հանդիպումով, բայց միայն «երբ դա հանգեցնի առաջընթացի»։





























