Վրաստանի կառավարությունը Ուկրաինա կուղարկի տարբեր տեսակի գեներատորներ՝ ընդհանուր առմամբ 1.5 միլիոն լարի (մոտ 553,5 հազար դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կարգադրության համաձայն՝ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը Ուկրաինա մատակարարելու համար կգնի տարբեր տեսակի գեներատորներ՝ 1.5 միլիոն լարի արժողությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։ Գեներատորների փոխանցման կարգադրությունը հաստատվել է կառավարության՝ ուրբաթ կայացած նիստում։

2023թ․ սկզբին Վրաստանի կառավարությունը Ուկրաինային նվիրաբերեց 25 բարձր հզորության գեներատոր՝ 1.5 միլիոն լարի արժողությամբ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտնել էր, որ Կիեւը բազմիցս դիմել է Թբիլիսիին՝ ռազմական եւ կրկնակի նշանակության սարքավորումներ փոխանցելու խնդրանքով, սակայն այդ խնդրանքներն անտեսվել են։ Ի պատասխան՝ Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որն այն ժամանակ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարն էր, հայտնել է, որ երկիրը նման սարքեր չունի։ Այնուամենայնիվ, Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը գեներատորներ է գնել կառավարության կարգադրությամբ։