«Երջանիկ պատահականությամբ Հովհաննավանքում եկեղեցու կողմից չարտոնված ծեսին մասնակցելու համար տարբեր քաղաքապետներ մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ էին կտրել, գնացել Օհանավան, իրենց հետ էլ բնականաբար մարդիկ էին բերել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Գլխավոր դատախազության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաքվե» քաղաքացիական–հասարակական միավորման անդամ Արամ Պետրոսյանը՝ նշելով տեսանյութեր կան, թե ինչպես են մարզերից եկած քաղաքացիներն իջնում ավտոբուսներից։

Նշենք, որ «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացել Գլխավոր դատախազություն՝ Հոհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ։

Ըստ Արամ Պետրոսյանի կիրակի օրը Հովհաննավանքի վանական համալիրում տեղի  ունեցածը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։

«Մենք տեսանք՝ ինչպես այդ օրն առավոտյան իրավապահ համակարգի կողմից որոշ եկեղեցականների ազատ տեղաշարժն էր սահմանափակվել, նրանցից մեկին այդ օրն առևանգել էին ու այլ վայրում իջեցրել։  Հոգևորականներից մեկին էլ ազատ էին արձակել միայն այն ժամանակ, երբ համոզվել էին, որ ոչ թե Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք է գնում։ Տեսել ենք տեսանյութեր, թե ինչպես են փակում քաղաքացիները ճանապարհը՝ այդ թվում փաստաբան Արա Զոհրաբյանի։ Դրանք բոլորը կազմակերպված բռնություններ են»–նշեց Արամ Պետրոսյանը։

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ դիմեց Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին՝ հիշեցնելով, որ անկախ երկրի ներքաղաքական անցուդարձից, նրանք սահմանադրական կարգն ապահովելու պարտավորություն ունեն։

«Այն, ինչ կատարվում է, կատարվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ, որի հետևորդներն են Հայաստանի ազգաբնակչության, ՀՀ քաղաքացիների և  աշխարհասփյուռ հայերի մեծամասնությունը։ Եկեղեցու դեմ այս բռնաճնշումները տեղի են ունենում համակարգային և համակարգված ձևով։ Դրանց արձագանք չտալն անպայմանորեն հանգեցնելու է բախումների, որովհետև տարածվում է ատելության խոսք»,–ասաց Մենուա Սողոմոնյանը։