Պարզվում է, որ դեռևս հունիսից դիմում է ներկայացվել ՀԾԿՀ, որ արդյունավետ կառավարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի, այդ դիմումը ՀԾԿՀ–ն մերժել է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Երբ սկսեցինք սակագնի իջեցնելու օրակարգը և հանրությանն իրազեկելու գործընթացը, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչները ընդհանրապես չանդրադարձավ այս օրակարգին։ Դա ուղերձ էր, որ իրենք չունեն նպատակ իջեցնելու սակագինը հիմա։ Հավանաբար, կա հեռանկարային մանիպուլյատիվ պլան՝ շահարկելու դա ընտրություններից առաջ։ Էս մարդը միայն խոսեց վարկային պարտավորվածությունների մասին ու այդ ֆինանսական միջոցները ինչ-որ վարկային բեռեր թոթափելու վրա։ Օդում կախված շշուկներ կան, խոսակցություններ կան, որ ահռելի քանակով նոր աշխատավարձերի, պարգևավճարների վրա են վատնվում այդ գումարները նույն ՀԷՑ–ում։
Եթե այդ միջոցները առկա են ու դրանք հնարավորություն են տալիս սակագնային պլանը իջեցնելու քաղաքացու, կրկին ընդգծում եմ, սոցիալ-տնտեսական բեռը մի փոքր թոթափելու նպատակով, մենք պետք է նպաստենք, որ այդ ուղղությամբ միջոցը ծախսվի, ոչ թե օգտագործվի պարգևավճարներ և աշխատավարձեր բաշխելու վրա»,–ասաց նա։
Մելոյանը նշեց, որ մի քանի տնտեսագետների ուսումնասիրություններից բխում է, որ մինչև երեք դրամ այս պահի դրությամբ հնարավոր է իջեցնել սակագինը
«Կրկին իշխանությունները փորձում են մանիպուլացնել, ասել, որ ավելի քիչ գումար է հնարավոր իջեցնել։ Այստեղ ես ուղերձ ունեմ՝ շատ լավ, վերացարկվենք թվերից, իջեցրեք, թեկուզ դրանից մի փոքր ավելի քիչ գումարով։ Թող իշխանությունը հակադարձեր նորմալ տնտեսագիտական հաշվարկով ու իջեցներ, ոչ թե ասել՝ չէ, կարող ենք իջեցնել ավելի քիչ։ Բա ինչի՞ էդ «ավելի քիչը» չեք իջեցրել։ Այս հարցադրումն է հռետորական մնում օդում կախված«,– ընդգծեց Գոհար Մելոյանը։




























