ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանի չի լինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե վերսկսի միջուկային փորձարկումները։ Այս մասին հայտնել է Նագասակիի քաղաքապետ Սիրո Սուձուկին, որը 1945թ․ օգոստոսին ատոմային ռումբի թիրախ էր դարձել։
«Թրամփը ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Կարծում եմ, որ այդ որոշումը պետք է կայացվի նրա արածը վերլուծելուց հետո։ Սակայն որպես ռմբակոծված քաղաքի բնակիչ՝ կարծում եմ, որ եթե միջուկային զենքի փորձարկումներն անմիջապես սկսվեն, [նա] արժանի չի լինի խաղաղության Նոբելյան մրցանակի», ասել է նա մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Հիրոսիմայի եւ Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծություններից փրկվածներին միավորող ճապոնական «Նիհոն Հիդանկյո» ասոցիացիայի ղեկավարներից մեկը՝ Սատոսի Տանական, խոստովանել էր, որ «կորցրել է խոսելու ունակությունը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու մասին հայտարարությունից հետո։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։ ԱՄՆ վարչապետը չի մանրամասնել, թե ինչ տեսակի փորձարկումների մասին է խոսքը կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում։
Ճապոնիան մարդկության պատմության մեջ միակ երկիրն է, որը տուժել է միջուկային զենքի մարտական կիրառումից։ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում՝ Ճապոնական կայսրության կապիտուլյացիան արագացնելու նպատակով։





























