Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում չունի ԵՄ հնարավոր ընդլայնման վերաբերյալ՝ այն համարելով ներքին հարց։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ [երրորդ երկրների] ԵՄ-ին միանալը թեկնածու երկրների եւ գործող անդամ պետությունների որոշելիքն է»,- գրել է պետդեպարտամենտը Euronews հեռուստաալիքի հարցմանն ի պատասխան։

Բացի այդ, մի քանի փորձագետներ նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդների, հետաքրքրված չէ ԵՄ ընդլայնմամբ։ «Նրա թշնամանքը Եվրոպայի նկատմամբ այնպիսին է, որ այն ամենը, ինչը Եվրոպան ավելի ուժեղ է դարձնում, նա ընկալում է որպես Միացյալ Նահանգներին թուլացնող»,- Euronews-ին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Ջեյմս Բինդենագելը։ Նա կարծում է, որ «Թրամփը նախընտրում է խոչընդոտել, քան աջակցել եվրոպական հետագա ինտեգրացիային»։

Վաշինգտոնում գործող «Նոր ամերիկյան անվտանգություն» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Նիկոլաս Լոքերը կարծում է, որ Թրամփի համար աշխարհաքաղաքականությունը մրցակցություն է «մեծ տերությունների» միջեւ, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները դրանց թվում չեն։