Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ հաջորդ շաբաթ առաջին անգամ կայցելի ապառազմականացված գոտի Հյուսիսային Կորեայի եւ Կորեայի Հանրապետության սահմանին:
Կուալա Լումպուրում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) պաշտպանության նախարարների նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով հաջորդ շաբաթ այդ գոտի նախատեսված այցը, պետքարտուղարն ընդգծել է. «[Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը] բազմիցս հայտարարել է, որ բաց է պետությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ վարելու համար [Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ]: Ակնհայտ է, որ մեր դաշինքը Հարավային Կորեայի հետ երկարատեւ է, եւ ես անհամբեր սպասում եմ իմ առաջին այցին [ապառազմականացված գոտի]»:
Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին պատասխանելով՝ Հեգսեթն ավելացրել է. «Մենք շատ ընդհանուր շահեր ունենք այս սպառնալիքի, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա [այլ] սպառնալիքների գնահատման հարցում: Հետեւաբար, ես նախապես չեմ բացահայտի, թե ինչ կլինի այդ ուղերձը [Փհենյանին]. դա կախված կլինի նախագահ Թրամփի որոշումից: Բայց մենք, անշուշտ, հասկանում ենք այդ սպառնալիքը: Մենք աչք չենք փակում դրա վրա»:
Կիմ Չեն Ընը նախկինում հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հետ իր անձնական շփումները «լավ հիշողություններ» են թողել, սակայն նա չի քննարկի երկրի միջուկազերծումը։ Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին քննադատել է Միացյալ Նահանգներին «ռազմական ներուժի անխոհեմ ընդլայնման» համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին միջկորեական սահմանին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման մասին։ Սակայն ԱՄՆ առաջնորդը հետագայում հայտարարել էր, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը չեն կարողացել համաձայնության գալ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակի շուրջ։





























