Վիետնամի կենտրոնում տեղացած տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 14 մարդ, ութը՝ անհետ կորել, իսկ 34-ը՝ վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է Վիետնամի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարարությանը կից ամբարտակների կառավարման եւ աղետների կանխարգելման վարչությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, աղետն ավերածություններ է առաջացրել երկրի կենտրոնական շրջաններում՝ հեղեղելով եւ վնասելով ավելի քան 128 հազար տուն եւ շենք, բրնձի եւ այլ մշակաբույսերի մոտ 4,9 հազար հեկտար ցանքատարածություն, ինչպես նաեւ ավելի քան 790 հեկտար պտղատու այգիներ։ Հեղեղումների հետեւանքով սատկել են նաեւ 17,7 հազար խոշոր եղջերավոր անասուն եւ թռչուն։ Հոկտեմբերի 25-ից ի վեր չդադարող անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներն ու սողանքները փակել են 16 ազգային մայրուղիներ՝ լրջորեն խաթարելով կենտրոնական Վիետնամի տրանսպորտային հաղորդակցությունը։
Վիետնամի հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնի կանխատեսման համաձայն՝ առաջիկա օրերին կենտրոնական նահանգներում կշարունակվի ծանր իրավիճակը, քանի որ անձրեւները, ինչպես սպասվում է, կտեւեն մինչեւ նոյեմբերի 4-ը ներառյալ։



























