Գերմանիայի դատարանը դատապարտել է երեք անձի, որոնք մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու և Գերմանիայից Ուկրաինա զենքի ու զինամթերքի մատակարարումը խափանելու նպատակով դիվերսիաներ կազմակերպելու համար, հաղորդում է BBC-ն։
Նրանց դատավարությունը սկսվել է այս տարվա մայիսին։
Խմբավորման գլխավոր մեղադրյալ և ենթադրյալ առաջնորդ Դիտեր Շ.-ն հինգշաբթի դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների համար աշխատելու, դիվերսիաներ կազմակերպելու և Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Ըստ քննիչների՝ նա 2014-ից 2016 թվականներին կռվել է Ուկրաինայում՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ռուսամետ զինված խմբավորումների կողմից։





























