ԱՄՆ պաշտոնյաները նուրբ բանակցություններ են վարում մի քանի երկրների հետ Գազայի հատվածում տեղակայվելիք միջազգային ուժեր ստեղծելու վերաբերյալ և մտադիր են առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ներկայացնել իրենց ծրագիրը, Axios-ին հայտնել են երեք աղբյուրներ։
Ըստ ԱՄՆ պաշտոնյայի՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ղեկավարում է ուժերի ծրագրի մշակումը։ Այն նախատեսում է նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի ստեղծում, որոնց կմարզեն ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Հորդանանը, ինչպես նաև արաբական և մահմեդական երկրների զորքերը։
Ըստ աղբյուրների՝ Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել Գազա։ Այլ երկրներ մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ին՝ նկատի ունենալով Գազայի հատվածում քաոսային անվտանգության իրավիճակը։ «Եթե Գազայում հուսալի անվտանգության և կառավարման համակարգ չլինի, որին կհամաձայնեն իսրայելցիները, մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Իսրայելն անընդհատ հարձակվում է»,- հայտարարել է պլանավորմանը մասնակցող աղբյուրներից մեկը։





























