ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը վերսկսելու է միջուկային փորձարկումները, սակայն հստակ չի պատասխանել՝ արդյոք դա կներառի՞ ստորգետնյա միջուկային փորձարկումներ, հաղորդում է BBC-ն։

«Շուտով կիմանաք, բայց մենք որոշ փորձարկումներ ենք անցկացնելու»,- ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում՝ պատասխանելով ստորգետնյա միջուկային փորձարկումների մասին հարցին։

«Այլ երկրներ են դա անում։ Եթե նրանք [մտադիր են] դա անելու, մենք էլ կանենք, լա՞վ»,- ըստ Reuters-ի՝ նշել է նա:

Փորձագետներն ավելի վաղ նշել են, որ միջուկային փորձարկումներին նախապատրաստվելը զգալի ժամանակ է պահանջում։

Հինգշաբթի ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրամայել է ԱՄՆ զինված ուժերին անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները 33 տարվա ընդմիջումից հետո։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք Թրամփը նկատի ուներ միջուկային զենքի փորձարկումները, թե՞ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռների փորձարկումները, նշում է Reuters-ը։

Մալայզիա կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ փորձարկումների վերսկսումը միջուկային զսպման պահպանման «շատ պատասխանատու միջոց» է՝ հավելելով, որ Պենտագոնը կհամագործակցի ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հետ։

Ոչ մի միջուկային տերություն՝ բացի Հյուսիսային Կորեայից, ավելի քան 25 տարի միջուկային փորձարկումներ չի անցկացրել։

Թրամփը միջուկային փորձարկումների մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Буревестник» և «Посейдон» միջուկային զենքի մասին հայտարարություններից հետո, որոնք տեղի ունեցան Բուդապեշտում երկու առաջնորդների հանդիպման ձախողումից հետո։