JetBlue ավիաընկերության առնվազն 15 ուղևոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց այն բանից հետո, երբ Մեքսիկայից թռչող ինքնաթիռը Ֆլորիդայում արտակարգ վայրէջք է կատարել՝ բարձրության կտրուկ անկման պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Կանկունից Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաք թռչող չվերթը հինգշաբթի օրը բարձրության կորուստ է ունեցել։ Դաշնային ավիացիոն վարչությունը (FFA) հայտնել է, որ ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում ուղղություն է փոխել դեպի Տամպայի միջազգային օդանավակայան, «այն բանից հետո, երբ անձնակազմի մոտ թռիչքի կառավարման խնդիրներ են առաջացել»։
Տամպայի հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչ Վիվիան Շեդդի խոսքով՝ 15-ից 20 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ՝ կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով։ JetBlue ավիաընկերությունը հայտնում է, որ շահագործումից հանել է Airbus A320 ինքնաթիռը՝ ստուգում անցկացնելու համար։ Ավիաընկերության կայքի համաձայն՝ ինքնաթիռում կա 162 նստատեղ։
Այս պահին հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում։
«Մենք կանցկացնենք լիարժեք հետաքննություն՝ պատճառը պարզելու համար», - ասվում է JetBlue-ի հայտարարության մեջ։
FAA-ն հայտնում է, որ նույնպես հետաքննություն է վարում: LiveATC.net-ի կողմից արված ձայնագրության համաձայն՝ օդաչուները օդային երթևեկության կառավարմանը հայտնել են, որ «թռիչքի կառավարման խնդիր» են ունեցել և նկարագրել են վնասվածքներ, այդ թվում՝ հնարավոր «գլխի պատռվածք»:
Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ բժշկական անձնակազմը տեղում դիմավորել է ուղևորներին և անձնակազմին։




























