ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի 30 ամենածանրաբեռնված օդանավակայանների գրեթե 50 տոկոսը բախվել է ավիադիսպետչերների պակասի խնդրին։
Դա չվերթների ուշացումների է հանգեցրել ամբողջ երկրում, քանի որ դաշնային կառավարությունն արդեն 31-րդ օրն է, ինչ չի աշխատում, հայտնում է Reuters-ը։
Ուրբաթ օրվա դիսպետչերների բացակայությունը, անկասկած, ամենազանգվածայինն էր շաթդաունի սկզբից ի վեր, ընդ որում, ամենաշատ տուժած տարածաշրջաններից մեկը Նյու Յորքն էր, որտեղ բացակայում էին ավիադիսպետչերների 80 տոկոսը, հայտնել է գործակալությունը։
FAA-ի առնվազն 35 հաստատություն, ներառյալ ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններից մի քանիսը, հայտնել են անձնակազմի հետ կապված խնդիրների մասին։ Տուժած օդանավակայանների թվում էին Նյու Յորքի, Օստինի, Նյուարքի, Ֆինիքսի, Վաշինգտոնի, Նեշվիլի, Դալասի և Դենվերի օդանավակայանները։
Որոշ օդանավակայաններում ուշացումները միջինում կազմել են մեկ ժամ և ավելի։ Շաթդաունը ստիպել է 13,000 ավիադիսպետչերների և 50,000 Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) աշխատակիցների աշխատել առանց վարձատրության։
«31 օր առանց վարձատրության մնացած ավիադիսպետչերները ենթարկվում են հսկայական սթրեսի և հոգնածության», - հայտնել է FAA-ն ուրբաթ ուշ երեկոյան։ «Շաթդաունը պետք է ավարտվի, որպեսզի այդ վերահսկողները ստանան իրենց վաստակած աշխատավարձը, իսկ ճանապարհորդները կարողանան խուսափել հետագա խափանումներից ու ուշացումներից»։
Սովորական ուրբաթ օրը համակարգի համար հետևանքները շատ ավելի լուրջ կլինեին։
Այնուամենայնիվ, ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով, Հելոուինի երեկոյան ուղևորահոսքը 20%-ով ցածր է եղել սովորականից, ինչը օգնել է մեղմել անձնակազմի պակասի հետևանքները։
Թռիչքներին հետևող FlightAware կայքի տվյալներով՝ ուրբաթ օրը ուշացել է ավելի քան 5600 չվերթ, իսկ 500-ն ընդհանրապես չեղարկվել է։ Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում չվերթների 50%-ը ուշացել է, իսկ 12%-ը չեղարկվել է, ընդ որում ուշացումները միջինում կազմել են 140 րոպե, մինչդեռ Վաշինգտոնի (Կոլումբիայի շրջան) Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում չվերթների մեկ քառորդը ուշացել է։ Ավիաընկերությունները պատրաստվում են չվերթների աշխատանքի նոր խափանումներին։




























