Հնդկաստանի հարավում գտնվող հայտնի հինդուական տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, տասնյակները վիրավորվել են, այս մասին շաբաթ օրը հայտնել են տեղական իշխանությունները։ Միջադեպը տեղի է ունեցել Անդհրա Պրադեշ նահանգի Շրիկակուլամ շրջանի Սվամի Վենկատեշվարա տաճարում, որտեղ հարյուրավոր հավատացյալներ են հավաքվել՝ հինդուիզմի սուրբ օրերից մեկը՝ «Էկադաշին» նշելու համար, Associated Press-ին հայտնել է ոստիկանության ավագ սպա Մահեշվրա Ռեդդին։

Այս օրը հավատացյալները ծոմ են պահում և աղոթքներ են հղում հինդուիզմի գլխավոր աստված Վիշնուին։

Ռեդդիի խոսքով՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ տաճարում հավատացյալների հերթը պահելու համար նախատեսված երկաթե ցանկապատը կոտրվել է, ինչը հանգեցրել է ամբոխի անկառավարելի հոսքի։

Տեղական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Սվապնիլ Դինկար Պանդկարը հայտարարել է, որ մտավախություններ կան ավելի շատ զոհերի առկայության վերաբերյալ։

«Ի սկզբանե մենք հաղորդումներ ենք ունեցել յոթ զոհի մասին, սակայն ևս երկու մարդ մահացել է ստացած վնասվածքներից, իսկ երկու այլ մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է», - ասել է նա։

Պունդկարի խոսքով՝ զոհվածներից ութը կանայք են, իսկ մեկը՝ երեխա։ Նա հավելել է, որ հրմշտոցից տուժած առնվազն 16 հավատացյալներ բուժում են ստանում տեղի հիվանդանոցում, իսկ 20 այլ անձ գտնվում է շոկային վիճակում և հսկողության տակ՝ մեկ այլ հիվանդանոցում։