Գիտնականները Ղրիմի թերակղզու Ստարոսելիե քարանձավում հայտնաբերել են նեանդերթալցու ոսկոր, որը մոտ 40-50 հազար տարեկան է՝ գտածո, որը կարող է արմատապես փոխել նախապատմության մասին մեր պատկերացումները, տեղեկացրել է Popular Mechanics-ը։

Ոսկորը, որը կոչվում է «Սթար-1», վերականգնվել է նախկինում միջնադարյան համարվող շերտից։ Կոլագենային զանգվածային սպեկտրոմետրիայի (այսպես կոչված՝ զումի տեխնոլոգիա) միջոցով հետազոտողները կարողացել են տարբերակել մարդու ոսկորը բազմաթիվ կենդանիների ոսկորներից։ Հին ԴՆԹ-ի հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ Ղրիմի նեանդերթալցին գենետիկորեն ամենամոտն է սիբիրյան նեանդերթալցուն Ալթայի լեռներից՝ ավելի քան 3 000 կիլոմետր հեռավորության վրա։

Հայտնագործությունն ապացուցում է, որ նեանդերթալցին կարողացել է գաղթել Եվրասիայի հսկայական հեռավորություններից, եւ որ Ղրիմը, հավանաբար, ծառայել է կարեւոր տարանցիկ կետ կամ ապաստան նրանց համար միջսառցադաշտային ժամանակաշրջաններում։ Այդ վայրում հայտնաբերված քարե գործիքները եւ կենդանիների մորթման հետքերը զարմանալիորեն նման են Սիբիրի Օկլադնիկով եւ Չագիրյան քարանձավների արտեֆակտներին։ Հետազոտության գլխավոր հեղինակ, Վիեննայի համալսարանի դոկտոր Էմիլի Պիգոտի խոսքով՝ «Սթար-1-ը գենետիկորեն ամենամոտն է Ալթայի նեանդերթտալցիներին, ինչը նշանակում է, որ նեանդերթալցիներն իսկապես ցրված են եղել հսկայական տարածքներում, այլ ոչ թե սահմանափակվել են մեկ վայրով»։

Գիտնականները նաեւ նշել են, որ քարե գործիքների նմանությունը վկայում է մշակութային շարունակականության մասին. Ղրիմում քարի մշակման տեխնոլոգիան պատկանում է այսպես կոչված միկոկյան ավանդույթին, որտեղ կայծքարը մշակվել է երկու կողմերից՝ ձեւավորելով բիֆեյսներ։ Սա վկայում է արհեստագործության բարձր մակարդակի եւ միգրացիաների ընթացքում փոխանցվող մշակութային ավանդույթների կայունության մասին։

Հետազոտողները ենթադրում են, որ այդ ժամանակվա կլիման ստեղծել է ճանապարհորդության համար բարենպաստ երթուղիներ, եւ Ստարոսելիե քարանձավը կարող էր լինել նեանդերթալցիների լայն միգրացիոն ցանցի մաս, որը միավորվել է ոչ միայն գեներով, այլեւ մշակույթով, տեխնոլոգիաներով եւ կենսակերպով։