ԱՄՆ-ը եւ Վրաստանը կարող են համաձայնագիր ստորագրել ազատ առեւտրի վերաբերյալ: Այս մասին Սպիտակ Տանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:
Օբաման լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների փոխհարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, այդ թվում նաեւ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու հնարավորությունը:

Reuters-ը նշում է , որ Վրաստանի հետ ազատ առեւտրի մասին Օբաման սկսել է խոսել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված իր խոսքում կոչ էր արել Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններն ամրապնդել:

Օբամայի աշխատակազմը մինչեւ 2012 թվականի վերջը մտադիր է Կոնգրեսից հասնել Ջեքսոն-Վենիկի փոփոխության վերացմանը, որը սահմանափակում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրը:

Ազատ առեւտրի համաձայնության գլխավոր նպատակը (Free Trade Agreement), որը ԱՄՆ-ը կարող է կնքել մի կամ մի քանի երկրների հետ, առեւտրային սահմանափակումները մասնակից երկրների միջեւ վերացնելն է եւ ներդրումների ներգրավումը հեշտացնելը: Համաձայնագրի պայմանները յուրաքանչյուր երկրի հետ անհատական են քննարկվում:  

Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել է, որ երկու երկրները կշարունակեն համագործակցությունը նաեւ անվտանգության ոլորտում` չնշելով որեւէ մանրամասներ: Բացի այդ, Բարաք Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը հետագայում եւս աջակցելու է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումը:

Ավելի վաղ Բարաք Օբաման եւ Միխայիլ Սահակաշվիլին բազմիցս բանակցություններ են վարել, սակայն հունվարի 30-ին Սպիտակ Տանը ԱՄՆ-ի նախագահը վրացի գործընկերոջն ընդունել է առաջին անգամ, հայտնում է lenta.ru-ն: