ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել երկու նահանգում դեմոկրատական կուսակցության առաջադրված նահանգապետի թեկնածուների օգտին՝ կոչ անելով ընտրողներին մերժել այն, ինչը նա անվանել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «անօրինականությունն ու անխոհեմությունը», հաղորդում է Reuters-ը։
Երկու ժամկետ նախագահած և դեմոկրատների շրջանում դեռևս մեծ ժողովրդականություն վայելող Օբաման կոշտ քննադատություն է հնչեցրել Թրամփի վարչակազմի հասցեին՝ ելույթ ունենալով Վիրջինիայի նահանգապետի թեկնածու Էբիգեյլ Սփանբերգերի և Նյու Ջերսիի թեկնածու Միկի Շերիլի օգտին կազմակերպված հանրահավաքներում։
«Եկեք ընդունենք ճշմարտությունը. մեր երկիրն ու քաղաքականությունը հիմա բավականին բարդ վիճակում են», – ասել է Օբաման Սփանբերգերի կողմնակիցների բուռն արձագանքի ներքո՝ Վիրջինիայի Նորֆոլք քաղաքում գտնվող Օլդ Դոմինիոն համալսարանում։ «Դժվար է հասկանալ՝ որտեղից սկսել, – ասել է նա, – որովհետև ամեն օր այս Սպիտակ տունը մարդկանց մատուցում է անօրինականության, անխոհեմության, ստորության և պարզապես խելահեղության նոր չափաբաժին»։ Օբաման քննադատել է Թրամփի «քաոսային» մաքսային քաղաքականությունը և Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ քաղաքներում։ Նա նաև քննադատել է Կոնգրեսի հանրապետականներին՝ Թրամփին զսպելու անկարողության համար՝ «նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք գիտեն, որ նա անցնում է բոլոր սահմանները»։
Նա նշել է, որ զարմացած է, թե որքան արագ բիզնեսի առաջնորդները, իրավաբանական ընկերությունները և համալսարանները որոշեցին «ծնկի գալ՝ Թրամփին հանգստացնելու համար»։ Ավելի ուշ՝ շաբաթ օրը, Նյու Ջերսիի Նյուարկ քաղաքում Շերիլի օգտին կազմակերպված միջոցառման ժամանակ, Օբաման անդրադարձել է նույն թեմաներից շատերին՝ շարունակելով քննադատել Սպիտակ տունը։
«Ամեն օրը նման է Հելոուինի, միայն թե այստեղ միայն հնարքներ են, առանց որևէ հյուրասիրության», – ասել է նա։
Նախկին նախագահը երբեմն սարկազմով է հիշատակում Թրամփի որոշումները, օրինակ՝ Սպիտակ տան որոշ հատվածների վերակառուցումը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դաշնային կառավարությունը փակված էր։ «Արդարության համար պետք է ասել, որ նա կենտրոնացած էր որոշ կարևոր հարցերի վրա, օրինակ՝ Վարդերի այգու սալահատակումը, որպեսզի մարդիկ կոշիկները չկեղտոտեն, և 300 միլիոն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը», – ասել է Օբաման։
Հարցումները ցույց են տալիս, որ 46-ամյա Սփանբերգերը զգալիորեն առաջ է անցնում հանրապետական կուսակցության 61-ամյա թեկնածուից՝ փոխնահանգապետ Ուինսոմ Էրլ-Սիրսից։ Սփանբերգերը, որը նախկինում աշխատել է ԿՀՎ-ում, վեց տարի եղել է Կոնգրեսի անդամ։
Հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ Շերիլը զգալի առավելություն ունի 63-ամյա հանրապետական Ջեք Չիատտերելլիի նկատմամբ, որը նախկինում Նյու Ջերսիի օրենսդիր ժողովի անդամ է եղել և արդեն երրորդ անգամ է առաջադրվում նահանգապետի պաշտոնում։
Թեև Նյու Ջերսիի դեմոկրատները գրանցված ընտրողների շրջանում ունեն 2-ը 1-ի հարաբերակցությամբ առավելություն, Չիատտերելլին 2021 թվականի նահանգապետական ընտրություններում պարտվել է ընդամենը երեք տոկոսային կետով, իսկ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա նախագահական ընտրություններում Նյու Ջերսիում պարտվել է ընդամենը վեց կետով։





























