ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կիրակի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը կստեղծեն ռազմական կապի ուղիներ՝ հավելելով, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները «երբեք այսքան լավ չեն եղել», հաղորդում է Associated Press-ը։
Հեգսեթը նշել է, որ շաբաթ ուշ երեկոյան տարածաշրջանային անվտանգության հարցերով խորհրդաժողովի շրջանակում զրուցել է իր չինացի գործընկեր՝ ծովակալ Դոնգ Ցզյունի հետ, և նրանք համաձայնել են, որ «խաղաղությունը, կայունությունը և լավ հարաբերությունները լավագույն ուղին են մեր երկու մեծ և հզոր երկրների համար»։
Նրա հայտարարությունները, որոնք հրապարակվել են X սոցիալական ցանցում, հնչել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նա կոչ է արել Հարավարևելյան Ասիայի երկրներին ցուցաբերել վճռականություն և ուժեղացնել իրենց ռազմածովային ուժերը՝ հակազդելու Չինաստանի՝ Հարավչինական ծովում գնալով ավելի «ապակայունացնող» գործողություններին։
«Չինաստանի լայնածավալ տարածքային և ծովային հավակնությունները Հարավչինական ծովում հակասում են վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու նրա պարտավորություններին», – հայտարարել է Հեգսեթը՝ շաբաթ օրը ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ձգտում ենք խաղաղության։ Մենք չենք ձգտում հակամարտության։ Բայց պետք է համոզվենք, որ Չինաստանը չի ձգտում գերիշխել ձեզ կամ որևէ այլ երկրի վրա», – հավելել է նա։
Հարավչինական ծովը մնում է Ասիայի ամենաանկայուն «թեժ կետերից» մեկը։ Պեկինը հավակնում է գրեթե ամբողջ տարածաշրջանին, մինչդեռ ԱՍԵԱՆ-ի անդամներ Ֆիլիպինները, Վիետնամը, Մալայզիան և Բրունեյը նույնպես հավակնում են ափամերձ տարածքների և ենթակառուցվածքների վրա։
Ֆիլիպինները, ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը, հաճախ է բախվում Չինաստանի ռազմածովային ուժերի հետ։





























