Եվրամիության երկրների մեծ մասը պատրաստ է բյուջետային դաշնագիր ստորագրելու: Այդպիսին է Բրյուսելում կայացած արտակարգ գագաթաժողովի արդյունքը:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախաձեռնությամբ մշակված պայմանագիրը սահմանում է պետբյուջեների դեֆիցիտի թույլատրելի սահմանը եւ իրավաբանական պատասխանատվություն է մտցնում այդ կանոնների խախտման դեպքում:

Գոտու  17 անդամներին միացել են նաեւ ութ երկրներ` ազգային արժույթներով: ԵՄ-ի ղեկավարությունը դա  համարում է այն բանի նշան, որ Հին աշխարհը փորձում է միացյալ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը: Իրենց անհամաձայնությունն արտահայտել են միայն Չեխիան եւ Մեծ Բրիտանիան, հաղորդում է  НТВ-ն:

Ըստ ԵՄ-ի ղեկավարության առաջարկած ժամանակացույցի` ընթացիկ տարվա մարտին բյուջեի դեֆիցիտը սահմանափակող փաստաթուղթը պետք է ընդունվի եվրագոտու բոլոր երկրների կողմից, ինչպես նաեւ դրանում հետաքրքրված ԵՄ-ի մյուս երկրների կողմից: Պաշտոնապես դաշնագիրն ուժի մեջ կմտնի 2013 թվականից: