Հնդկաստանի Կոնգրեսի առաջնորդ, երկրի նախկին վարչապետներ Ինդիրա և Ռաջիվ Գանդիների թոռնուհին և դուստրը՝ Պրիյանկա Գանդին, կիրակի օրը կոչ է արել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին և Դելիի գլխավոր նախարար Ռեկհա Գուպտային քայլեր ձեռնարկել՝ «մայրաքաղաքը ծխամշուշից մաքրելու» համար, գրում է The Hindustan Times-ը։

X սոցիալական ցանցում արված իր գրառման մեջ Պրիյանկա Գանդին Դելիի օդի որակը համեմատել է Վայանադի օդի հետ։
«Վերադառնալով Դելի՝ նախ Վայանադից, ապա Բիհարի Բաչվար քաղաքից, իսկապես ցնցող վիճակ է», – գրել է նա՝ հավելելով, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը «մոխրագույն սավանի պես պատել է մայրաքաղաքը»։

Պրիյանկան նաև կոչ է արել բոլոր քաղաքական առաջնորդներին միավորել ջանքերը՝ «անկախ մեր քաղաքական համոզմունքներից՝ ինչ-որ բան անելու համար»։ Խորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ կենտրոնական իշխանություններն ու նահանգային կառավարությունները «պետք է անհապաղ գործեն»՝ վստահեցնելով, որ բոլորը պատրաստ են «աջակցել և համագործակցել ցանկացած գործողության հարցում, որը նրանք կձեռնարկեն այս սարսափելի իրավիճակը մեղմելու համար»։ Նա շեշտել է, որ շնչառական խնդիրներ ունեցողները, դպրոց գնացող երեխաները և տարեցները «շտապ միջամտության» կարիք ունեն։

«Տարիներ շարունակ Դելիի բնակիչները ենթարկվում են այս թունավորմանն՝ առանց որևէ օգնության», – հավելել է նա։

Շվեյցարական IQAir ընկերության վերջին վարկանիշի համաձայն՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելին կրկին ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը։

2025 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ քաղաքի օդի որակի ինդեքսը (AQI) հասել է 350-ի, ինչը դասակարգվում է որպես «շատ վատ»։ Սա 3.5 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմերը։