Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է երկրի վերահսկողությունը, եւ նրա վարչակարգի տապալումն անխուսափելի է: Նման տեսակետ է արտահայտել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Մեկնաբանելով Մոսկվայում Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկությունը` Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն բավարար տեղեկատվություն չունի տվյալ հարցով, սակայն ընդհանուր առմամբ «կողմ է Սիրիայի հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանը»:
Հիշեցնենք, պաշտոնական Դամասկոսը ավելի վաղ համաձայնել էր Մոսկվայի առաջարկին, այնինչ ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) հրաժարվում է որեւիցե բանակցություններ վարել Բաշար Ասադի հետ:
Ջ. Քարնին նաեւ հայտարարել է Սիրիայի իրավիճակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտության անհրաժեշտության մասին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Դամասկոսը չկատարեց Արաբական պետությունների լիգայի պահանջները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բ. Ասադին թույլ չի տա այսուհետ եւս հարստահարել սիրիական ժողովրդին», - ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է միանալ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներին եւ միասին օգնության դիմել Անվտանգության խորհրդին: «Ընթացիկ դրությունն անթույլատրելի է: Ինչքան որ երկար Ասադը մնա խաղաղ կարգավորման ճանապարհին, այնքան ավելի մեծ կլինի Մերձավոր Արեւելքում իրավիճակի ապակայունացման վտանգը», - կարծում է Հ. Քլինթոնը, գրում է rbc-ն:
Սիրիայի վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի պատրաստած բանաձեւը, որը կդիտարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, ենթադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Նախնական տվյալներով` Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրներից 10-ը կողմ կքվեարկեն բանաձեւին: ԱՄՆ-ն հույս ունի համոզել նաեւ մնացածներին:
Ռուսաստանի եւ Չինաստանի համար, որոնք իբրեւ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ վետոյի իրավունք ունեն, փաստաթուղթը դեռ վիճահարույց է: Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ տեքստում պատժամիջոցներ կան, մասնավորապես` Սիրիային զենք մատակարարելու դադարեցումը: Մոսկվան դեմ է միակողմանի միջոցառումներին, գրում է vesti.ru-ն:




























