Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն պետք է զրկվի իր վերջին մնացած զինվորական կոչումից՝ թագավոր Չարլզի՝ իր եղբորը հասարակական կյանքից հեռացնելու որոշման շրջանակում, BBC News-ին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Ըստ Հիլիի, քայլեր են ձեռնարկվում Էնդրյուին բրիտանական ռազմածովային նավատորմում փոխծովակալի պաշտոնից զրկելու ուղղությամբ, և թագավորը «հասկացրել է, որ ինքը դա է ուզում»։
Անցյալ շաբաթ թագավորը զրկել է իր կրտսեր եղբորը արքայազնի տիտղոսից և վտարել նրան առանձնատնից՝ կանխելու համար թագավորական ընտանիքի հեղինակությանը հասցվելիք հետագա վնասը՝ սեքսուալ հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ Էնդրյուի կապերի պատճառով։
«Սա ճիշտ քայլ է, որը մատնանշել է թագավորը, և մենք հիմա դրա վրա ենք աշխատում», - ասել է Հիլին։
Էնդրյուն պահպանել է փոխծովակալի իր կոչումը 2022 թվականին, երբ հրաժարվեց իր մյուս զինվորական պաշտոններից։