Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը կիրակի օրը կոչ է արել քուրդ զինյալներին, որոնք Թուրքիայից իրենց ուժերը դուրս բերելուց հետո նահանջել են երկրի հյուսիս, զինաթափվել, հաղորդում է Associated Press-ը։
Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) Անկարայի հետ խաղաղության ջանքերի շրջանակում հուլիսին սկսել է զենքերը վայր դնել Իրաքի հյուսիսում՝ խորհրդանշական արարողության ժամանակ՝ Թուրքիայից Իրաք իրենց զինյալներին դուրս բերելուց հետո։
Սակայն, ըստ Հուսեյնի, «ՔԲԿ-ի զինված տարրերը» մնում են Իրաքի հյուսիսում, հատկապես Սինջարում և Մահմուրում։ Ելույթ ունենալով կիրակի օրը Բաղդադում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Հուսեյնն ասել է․ «Մենք աջակցում ենք Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև համաձայնագրին և անհամբեր սպասում ենք այդ համաձայնագրի իրականացմանը և ՔԲԿ-ի խնդրի լուծմանը»։
Նա ասել է, որ Իրաքի հյուսիսում «ՔԲԿ-ի տարրերի» հարցը քննարկել է Ֆիդանի հետ։ Թուրքիան հույս ունի, որ ՔԲԿ-ն կդադարեցնի իր զինված գործողությունները Իրաքում և դուրս կգա այնտեղից, ինչպես նաև Իրանի և Սիրիայի որոշ շրջաններից, ասել է Ֆիդանը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Իրաքի հետ, և ես շնորհակալ եմ ինչպես Իրաքին, այնպես էլ Քրդստանին այս հարցում համագործակցելու համար», - ասել է նա։
Հուսեյնն ասել է, որ անցյալ ամիս բանակցությունների արդյունքներով ստորագրվել է էներգետիկային և անվտանգությանը վերաբերող 26 երկկողմ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ջրամատակարարման վերականգնման կարևորագույն համաձայնագիրը։
Քրդստանի համայնքների միության անդամ Սաբրի Օքն այս շաբաթ հայտարարել է, որ Թուրքիայում ՔԲԿ-ի բոլոր ուժերը դուրս են բերվում Իրաքի հյուսիսի շրջաններ՝ «բախումներից կամ սադրանքներից խուսափելու համար»։
Իրաքի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կվերսկսվի երկուշաբթի՝ վերջ դնելով ավելի քան երկու տարի տևած ընդհատմանը, Associated Press գործակալությանը հայտնել է Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը։
Մայիսին ՔԲԿ-ն հայտարարեց ինքնալուծարման և զինված հակամարտությունից հրաժարվելու մասին՝ վերջ դնելով Թուրքիայի հետ չորս տասնամյակների ռազմական գործողություններին։
Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից բանտարկված է Ստամբուլի մոտակայքի կղզում, փետրվարին ՔԲԿ-ին կոչ արեց համաժողով գումարել և պաշտոնապես հայտարարել ինքնալուծարման ու զինաթափման մասին։