Ճապոնացի լրագրողները սխալ են հասկացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը հանրաքվեի միջոցով լուծելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Լավրովին ուղեկցող ռուսական պատվիրակության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` դա նախարարի խոսքերի կոպիտ խեղաթյուրում է, եւ նման մեկնաբանությունները Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատում է իբրեւ սադրանք: «Առողջ դատողություն ունեցող ոչ մի քաղաքական գործիչ այդ հարցը հանրաքվեի չի դնի», - ասել է աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին»: Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիայի» հետ զրույցում հայտնել է, որ Լավրովը պարզապես ցանկացել է ճապոնական լսարանի մոտ հստակեցնել ռուսական սահմանադրության համապատասխան կարգավորումները, իսկ որոշ լրատվամիջոցներ այն ընկալել են իբրեւ Հարավային Կուրիլյան կղզիների մասին հանրաքվե անցկացնելու մտադրություն Մոսկվայի կողմից:
Ճապոնական NHK հեռուստաալիքին հունվարի 28-ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը, պատասխանելով Հարավային Կուրիլյան կղզիների հետագա ճակատագրին վերաբերող հարցին, ասել է. «Մենք կձգտենք հանգիստ մթնոլորտի ստեղծմանը, առանց զգացմունքների փոխադարձ ընդունելի որոշում գտնելուն, որը, հարկ է նշել, պետք է հավանության արժանանա երկու երկրրների հասարակությունների կողմից: Մեր դեպքում, ցանկացած տարբերակով, դա հարց է, որը որոշվում է հանրաքվեի միջոցով»:
Ճապոնիան հավակնում է տիրանալ Հարավային Կուրիլյան կղզիներին`հիմնվելով 1855թ. կնքված առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ տրակտատի վրա: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ այդ կղզիները ընդգրկվել են ԽՍՀՄ կազմում (որի իրավահաջորդն է դարձել Ռուսաստանը)` Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, գրում է utro.ru-ն:




























