ԱՄՆ-ն մտադիր է երկու տարվա ընթացքում վերացնել չինական հազվագյուտ մետաղներից իր կախվածությունը: Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարճ ժամանակահատվածում մենք կունենանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է,- հայտնել է Թրամփը։- Ինչպես գիտեք, մենք գործարկել ենք արտակարգ ծրագիր և մեկից մեկուկես տարվա ընթացքում կունենանք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Երկու տարվա ընթացքում հազվագյուտ հողային մետաղներն այլևս խնդիր չեն լինի»։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ հազվագյուտ հողային մետաղների հարցը լուծելու համար Վաշինգտոնը մտադիր է միավորվել արևմտյան երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ։

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ հողային մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի շուտ լրացուցիչ 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանեն Չինաստանից ներկրվող արտադրանքի համար, ինչպես նաև արտահանման վերահսկողության միջոցներ կսահմանեն ծրագրային ապահովման համար։ Բացի այդ, նա նախազգուշացրել է Չինաստանի այլ ապրանքների, առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի պահեստամասերի մատակարարման հնարավոր սահմանափակումների մասին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպումից հետո, Թրամփը հայտնել է, որ Չինաստանը համաձայնել է շարունակել առանց խոչընդոտների հազվագյուտ հողային մետաղներ մատակարարել ԱՄՆ-ին։