ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Մաքսային դատարանը մաքսատուրքերը անօրինական ճանաչի, ապա երկրի տնտեսությունը «կգլորվի դժոխք»։ Նա նման դիրքորոշում է հայտնել CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հաղորդավարը Թրամփից հետաքրքրվել է, թե ինչպես կանդրադառնա ԱՄՆ տնտեսության վրա երկրի Գերագույն դատարանի հնարավոր որոշումը՝ մաքսատուրքերն անօրինական ճանաչելու մասին։ «Ես կարծում եմ, որ մեր երկիրը շատ կտուժի։ Ես կարծում եմ, որ մեր տնտեսությունը կգլորվի դժոխք», - ի պատասխան դրան հայտարարել է ԱՄՆ նախագահը։ «Կարծում եմ, որ սա վերջին 100 տարվա ընթացքում Գերագույն դատարանում քննարկվող ամենակարևոր թեման է», - ընդգծել է նա։

ԱՄՆ Գերագույն դատարանը նոյեմբերի 5-ին լսումներ է նշանակել՝ ամերիկյան վարչակազմի կողմից սահմանված բազմաթիվ մաքսատուրքերի օրինականության վերաբերյալ գործով։ Քննությունը սկսվել էր այն կապակցությամբ, որ բիզնեսի ներկայացուցիչների մի խումբ հայց էր ներկայացրել ԱՄՆ իշխանությունների դեմ՝ հայտարարելով, որ մաքսատուրքերը անօրինական են և վնասում են իրենց ընկերություններին։ Օգոստոսի 29-ին Կոլումբիայի դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը ճանաչել է, որ Թրամփը անհրաժեշտ լիազորություններ չի ունեցել՝ իր կողմից հայտարարված բազմաթիվ մաքսատուրքերը սահմանելու համար։ Թրամփի վարչակազմը սեպտեմբերի 4-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել նշված որոշումը։

Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, ներառյալ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, բազմիցս հայտարարել են մաքսատուրքերն օրինական ճանաչելու անհրաժեշտության մասին՝ բացատրելով, որ հակառակ դեպքում վտանգի տակ կհայտնվեն ԱՄՆ-ի և այլ երկրների միջև առևտրային բանակցությունները և արդեն կնքված գործարքները։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներկրվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը մի շարք երկրների համար փոխել է մաքսային դրույքաչափը։