ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող ենթադրյալ նավերին հարվածներ հասցնելու համար ԱՄՆ Կոնգրեսի թույլտվությունը անհրաժեշտ չէ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրին։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքերով, ԱՄՆ-ը կարող է շարունակել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, քանի որ դա չի հասնում այն գործողությունների մակարդակին, որոնց մասին խոսվում է 1973 թվականին ընդունված «Ռազմական լիազորությունների մասին բանաձևում»։ Ըստ այդ բանաձևի, ամերիկյան առաջնորդը պետք է դադարեցնի ցանկացած ռազմական գործողություն, եթե դրանք չեն հաստատվել Կոնգրեսի կողմից։
Նրա տեղեկություններով՝ Կարիբյան ծովի տարածաշրջանում գործողությունները վտանգ չեն ներկայացնում ամերիկացի զինծառայողների համար, քանի որ ենթադրյալ թմրանյութեր տեղափոխող նավերը ենթարկվում են հարձակումների՝ ԱՄՆ զինվորականներով նավերից հեռու։
Ինչպես գրում է WSJ-ը, Կոնգրեսի հանրապետականները և դեմոկրատները դժգոհություն են հայտնել Թրամփի վարչակազմի կողմից տարածաշրջանի նավերի վրա հարվածների վերաբերյալ թափանցիկության բացակայության առնչությամբ։
Վաշինգտոնը մեղադրում է Կարակասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում անբավարար ակտիվության համար։ Այդ պատրվակով ԱՄՆ-ն Կարիբյան ծովի տարածաշրջան է տեղափոխել մեծ ուժեր։ Ինչպես տեղեկացրել է The Miami Herald թերթը, ամերիկյան վարչակազմը որոշել է հարվածել Վենեսուելայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ըստ պարբերականի տվյալների՝ հարվածները կարող են հասցվել առաջիկա օրերին։ Մինչդեռ Թրամփը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ դիտարկում է Վենեսուելային հարվածներ հասցնելու հնարավորությունը կամ որոշում է կայացրել այդ առթիվ։




























