ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ նույնիսկ չի քննարկում ԱՄՆ նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու հնարավորությունը և հրաժարվել է նշել, թե ում է համարում իր հավանական իրավահաջորդը։

«Դե, ես նույնիսկ չեմ մտածում այդ մասին։ [Բայց] կասեմ ձեզ, որ շատերն են ցանկանում, որ ես [կրկին] առաջադրվեմ», - հայտարարել է հանրապետական Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է երրորդ անգամ փորձել պետության ղեկավարի պաշտոնի ընտրվել՝ չնայած ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությանը։ «Սակայն տարբերությունը մեր և դեմոկրատների միջև այն է, որ մեր նստարանին ուժեղ թեկնածուներ կան։ Չեմ ուզում անուններ տալ, քանի որ դա տեղին չէ։ Դեռ շատ վաղ է», - ասել է Թրամփը CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 2-ին։ Այն նկարայանվել էր հոկտեմբերի 31-ին։

«Իսկապես հավանում եմ [ԱՄՆ փոխնախագահ] Ջեյ Դի Վենսին։ Հավանում եմ [ԱՄՆ պետքարտուղար] Մարկո Ռուբիոյին։ Շատերին եմ հավանում։ Մենք անհավանական թեկնածուներ ունենք», - հավելել է Թրամփը, երբ նրան խնդրել են մանրամասնել, թե ում է տեսնում իր հնարավոր իրավահաջորդի դերում։

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով և այն ընդունվել է 1951 թվականին։ Այնուամենայնիվ, Թրամփը բազմիցս թույլ է տվել երրորդ անգամ երկրի ղեկավար ընտրվելու հնարավորությունը։ Բացի այդ, նման հեռանկարների մասին օրերս հայտարարել էր նախագահի նախկին գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվ Բենոնը։