Սերբիան Եվրամիությանը հնարավորություն է տվել իրենից զինամթերք գնել՝ առանց դրա օգտագործման որևէ պարտավորության, «Cicero»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ Սերբիան ավելի շատ զինամթերք է արտադրում, քան Ֆրանսիան, հատկապես ականանետերի համար և նրա պահեստները «լիքն են», ուստի նրանց հետ ինչ-որ բան պետք է արվի։ «Ես չեմ ուզում, որ ինձ համարեն պատերազմող կողմերին զենք մատակարարող, բայց Եվրոպան զինամթերքի կարիք ունի։ Հետևաբար, մեր ԵՄ ընկերներին առաջարկեցի, որ նրանք մեր հետ մատակարարման պայմանագիր կնքեն և վերցնեն մեր ունեցած ամեն ինչ», - ասել է Վուչիչը։ Նրա կարծիքով՝ «սա կլինի Սերբիայի ակնառու ներդրումը՝ եվրոպական անվտանգության գործում»։

Հարցին, թե արդյոք այդ զինամթերքը հետագայում կարող է օգտագործվել Ուկրաինայի պատերազմում, Վուչիչը պատասխանել է, որ «գնորդներն ազատ են տնօրինել դրանք, ինչպես ցանկանան»։ «Մեզ պարզապես անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագիր, որպեսզի կարողանանք պլանավորել։ Ես միշտ ասել եմ, որ Սերբիան պահպանում է ռազմական չեզոքությունը։ Բայց մենք բացարձակապես պատրաստ ենք համագործակցել եվրոպական բանակների հետ», - ընդգծել է նա։ Վուչիչը հավելել է, որ «վերջնական պատասխանի է սպասում»՝ ԵՄ-ին զինամթերքի մատակարարման համար։

Նա նաև ընդգծել է, որ Սերբիան «դատապարտում է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա» և հարգում է վերջինիս տարածքային ամբողջականությունը։ «Պարզապես հարցրեք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե Բալկանյան որ երկիրն է առավելագույնս օգնել Ուկրաինային ֆինանսական և մարդասիրական օգնությամբ։ Պատասխանը կարող է զարմացնել ձեզ», - նշել է Վուչիչը։ Միաժամանակ նա հավելել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ էժան գազի մատակարարումների կարիքի պատճառով։

Մայիսի վերջին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը Սերբիայի պաշտպանական ընկերություններին մեղադրել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու մեջ՝ ի հեճուկս Բելգրադի կողմից հայտարարված չեզոքության։ Արաքին հետախուզման ծառայությունը պնդում է, որ Սերբիան Կիևին զենք է վաճառում՝ օգտագործելով «վերջնական սպառողի կեղծ վկայագրեր և միջնորդ երկրներ», որոնց թվում են ՆԱՏՕ-ի անդամներ՝ Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան և աֆրիկյան պետություններ։ Ի պատասխան՝ Վուչիչը խոստացել է, որ Սերբիան կմերժի գնորդներին զինամթերքի մատակարարումը, եթե պարզվի, որ վերջնական ստացողը Ուկրաինան է։

Մինչ այդ Financial Times-ը գրել էր, որ Ուկրաինան երրորդ երկրների միջոցով ստացել է սերբական զինամթերք՝ մոտ 800 միլիոն եվրոյի չափով։ Վուչիչը այդ թիվը որակել էր «ընդհանուր առմամբ ճշգրիտ» և նշել, որ Սերբիան զենք չի մատակարարում Ռուսաստանին կամ Ուկրաինային, բայց պայմանագրեր ունի արևմտյան երկրների հետ, իսկ «ինչ են նրանք ի վերջո անում դրանով, դա իրենց գործն է»։ «Իմ գործն է երաշխավորել, որ մենք օրինական կերպով ենք վարվում մեր զինամթերքի հետ, որ մենք դրանք վաճառում ենք։ Ես պետք է հոգ տանեմ իմ ժողովրդի մասին և վերջ։ Այսքանը, ինչ կարող եմ ասել։ Մենք ընկերներ ունենք Կիևում և Մոսկվայում։ Նրանք մեր սլավոնացի եղբայրներն են», - ասել է Վուչիչը։