ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ Պակիստանի տարածքում հարված հասցնելու համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել: Այս մասին նա հայտարարել է  Google+ եւ  YouTube կայքերի մամլո ասուլիսի ընթացքում: 

Օբաման հաստատել է, որ բազմաթիվ հարվածներ են հասցվել «Ալ Կաիդայի» եւ «Թալիբանի» գրոհայիններին եւ Աֆղանստանի սահմանակից շրջաններում, որոնք բնակեցված են տարբեր ցեղախմբերով եւ գրեթե չեն վերահսկվում Պակիստանի կենտրոնական իշխանությունների կողմից:

2011թ., լրատվամիջոցների տվյալներով, ԱՄՆ-ն 64 հրթիռային հարված է հասցրել Պակիստանի սահմանամերձ տարածքներում, 2010թ.` 101, գրում է Agence France-Presse-ը:

Միեւնույն  ժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը եւս խոստովանել է «արտերկրում ամերիկյան դիվանագիտական որոշ առաքելությունների պահպանման համար» անօդաչու թռչող սարքեր են կիրառվել:

Նրա խոսքով` Դիվանագիտական անվտանգության ծառայությունը սպառազինություններ չունեցող անօդաչու թռչող սարքեր է օգտագործում: Նուլանդը նշել է, որ տվյալ ծրագրի ծավալները չափազանց սահմանափակ են, այն կարող են կիրառել միայն ամերիկյան դիվանագետներին վտանգ սպառնացող երկրներում:

Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ տարածքներում է Դիվանագիտական անվտանգության ծառայությունը անօդաչու թռչող սարքեր կիրառել:

Ավելի վաղ New-York Times-ը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ն Իրաքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր է օգտագործում իր դեսպանատունը պաշտպանելու համար: Պաշտոնական Բաղդադից դրա համար թույլտվություն չեն վերցրել: