Թուրքիայում սպառողական գները հոկտեմբերին (տարեկան կտրվածքով) աճել են 32,87%-ով, հաղորդվում է երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) զեկույցում։
Գնաճը դանդաղել է՝ սեպտեմբերի 33,29%-ի համեմատ և նվազագույնին է հասել 2021 թվականի նոյեմբերից ի վեր։ Վերլուծաբանները, ըստ Trading Economics-ի տվյալների, միջինում ակնկալում էին դրա թուլացումը մինչև 33,2%։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը հոկտեմբերին դանդաղել է՝ նախորդ ամսվա 36,06%-ի համեմատ հասնելով 34,87%-ի, հագուստի և կոշիկի գները՝ 9,8%-ից հասել են 7,98%-ի, կահույքի և կենցաղային տեխնիկայի գները՝ 29,32%-ից հասել են 28,9%-ի։
Բացի այդ, կրճատվել են բժշկական, հեռահաղորդակցության և կրթական ծառայությունների, ինչպես նաև հյուրանոցներում ու ռեստորաններում առկա գնաճի տեմպերը։ Միևնույն ժամանակ, արագացել է տրանսպորտային ծառայությունների, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի արժեքի բարձրացումը։
Սպառողական գների աճը ամսական կտրվածքով դանդաղել է՝ սեպտեմբերյան 3,23%-ից հոկտեմբեր ամսին հասնելով 2,55%-ի։
Արտադրողների գները (PPI ինդեքս) Թուրքիայում նախորդ ամիս աճել են 27% տարեկան կտրվածքով և 1,63% ամսական կտրվածքով, հայտնել է Turkstat-ը։ Սեպտեմբերին դրանց աճը կազմել է համապատասխանաբար 26,59% և 2,52%։





























