Երկուշաբթի օրվանից Ավստրիայում սկսում է գործել «բարձր ռիսկի» ռեժիմ՝ կապված թռչնագրիպի առաջին դեպքերի հայտնաբերման հետ։ Այս մասին հայտնել է ORF հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության Առողջապահության նախարարության համապատասխան կարգադրությանը։

Ավստրիայում թռչնագրիպի առաջին դեպքերի հայտնվելուց հետո երկուշաբթի օրվանից «բարձր ռիսկի» ռեժիմ» է մտցվել, ասվում է հաղորդագրության մեջ։ Ճշտվում է, որ միջոցառումն ուղղված է «վայրի թռչունների և ընտանի թռչունների միջև շփումը կանխելու և այդպիսով  թռչնագրիպի տեղական տնտեսությունների փոխանցումը թույլ չտալու համար»։

Իշխանությունները խորհուրդ են տալիս խստացնել սանիտարական միջոցառումները։ Սակայն, միևնույն ժամանակ, թռչուններին տարածքներում պարտադիր պահելու պահանջ չի մտցվում։ Ըստ կարգադրությունների, ընտանի թռչունները պետք է «հնարավորության դեպքում պաշտպանված լինեն վայրի թռչունների հետ շփումից», օրինակ՝ ցանցերի միջոցով։ Կենդանիների կերակուր և ջուր տալը պետք է տեղի ունենա ներսում կամ ծածկի տակ։

Խորհուրդ է տրվում մանրակրկիտ ձևով մաքրել և ախտահանել տրանսպորտային միջոցները, բեռնման վայրերը և սարքավորումները։

«Այս պահին մենք Ավստրիայում վայրի թռչունների շրջանում H5N1 վիրուսով վարակման հինգ դեպք ենք հայտնաբերել։ Ուստի մենք քայլ առ քայլ ենք գործելու», - մեջբերվում է Ավստրիայի առողջապահության նախարարության Սպառողների առողջության պահպանության բաժնի ղեկավար Ուլրիխ Հերցոգի խոսքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին թռչնագրիպի առաջին դեպքերն են գրանցվել Ավստրիայի Կարինթիա դաշնային երկրամասի վայրի թռչունների մոտ, իսկ հոկտեմբերի սկզբին՝ Ստորին Ավստրիայում։ Վերին Ավստրիայում թռչնագրիպ է հայտնաբերվել Էնս քաղաքում սատկած չորս կարապների մոտ, ինչը հաստատել է երկրամասային գյուղատնտեսական պալատը։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ չվող թռչունների աշնանային միգրացիայի սկսվելուն պես կարող են հիվանդության նոր բռնկումներ առաջանալ։