Հնդկաստանը մարդասիրական օգնություն կուղարկի երկրաշարժից տուժած Աֆղանստան, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

«Այսօր ցերեկը զանգահարեցի Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մավլավի Ամիր Խան Մութաքիին՝ Բալխ, Սամանգան և Բաղլան նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ ցավակցությունս հայտնելու համար։ Այսօր Հնդկաստանից մարդասիրական օգնություն կհասցվի երկրաշարժից տուժած համայնքներին։ Դեղորայքի հետագա մատակարարումներն ակնկալվում են մոտ ժամանակներս», - գրել է Ջայշանկարը X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ զրույցի ընթացքում աֆղան գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը Մութաքիի Նյու Դելի կատարած այցից հետո. երկու երկրների ԱԳ նախարարները ողջունել են Հնդկաստանի և Աֆղանստանի քաղաքացիների միջև կապերի բարելավումը։

Ավելի վաղ Ամերիկյան սեյսմոլոգիական կենտրոնը (USGS) հայտնել էր Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը գտնվում էր Խոլմի գավառից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, ևս 534-ը վիրավորվել է։