Վրացի ֆերմերները վերամշակել են մինչև 336 հազար տոննա խաղող, որը 30 տարվա ընթացքում ամենաբարձր բերքն է, հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

«Այս տարի գինեգործական շրջաններում վերամշակվել է մինչև 336 հազար տոննա խաղող։ Սա 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Շուրջ 22 հազար ֆերմեր հավաքել է իր խաղողը։ Ֆերմերների եկամուտը կազմել է 475 միլիոն լարի (ավելի քան 175 միլիոն դոլար)։ Խաղողի ընդունմանը և վերամշակմանը մասնակցել է ավելի քան 500 գինեգործարան»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ տարի Վրաստանում վերամշակվել է 320 հազար տոննա խաղող։ Վրաստանում բերքահավաքը գրեթե ավարտվել է, բացառությամբ Լեչխումիի բարձրլեռնային շրջանի, որտեղ այն կսկսվի առաջիկա օրերին, պարզաբանել է գյուղատնտեսության նախարարությունը։

Կախեթիի շրջանը արտադրել է վերամշակված խաղողի մեծ մասը՝ 327 հազար տոննա, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Կախեթիում խաղողի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 432 միլիոն լարի (մոտ 160 միլիոն դոլար):

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Ռաչայի շրջանում նույնպես ռեկորդային բերք է գրանցվել: Այս տարի այնտեղ հավաքվել է մինչև 3000 տոննա տարբեր տեսակի խաղող, որի ամենամեծ մասը բաժին է ընկել Ալեքսանդրուլի և Մուջուրեթուլի տեսակներին: Ավելի քան 1400 խաղողագործ հանձնել է իր խաղողը՝ վաստակելով 23,5 միլիոն լարի (ավելի քան 8,6 միլիոն դոլար):