Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին մեղադրել է գաղտնի միջուկային փորձարկումներ անցկացնելու համար: «Դուք չեք կարող ճշգրիտ իմանալ, թե որտեղ են նրանք փորձարկումներ անում: Նրանք փորձարկումներ են անում խոր գետնի տակ, որտեղ մարդիկ չեն կարող հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը CBS News-ին տված հարցազրույցում:

Ըստ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան և Պակիստանը նույնպես փորձարկումներ են անում: «Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը չի փորձարկում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

«Մենք բավարար միջուկային զենք ունենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար: Մենք ունենք ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր: Եվ կարծում եմ, որ պետք է քայլեր ձեռնարկենք ապամիջուկայնացման ուղղությամբ»,- ասել է Թրամփը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ միջոցառումներ նկատի ունի: