Սերբիայի ղեկավարությունը համաձայնել է զիջում կատարել ցուցարարներին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի դեկտեմբերին։ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ գնացել է այդ քայլին «ի հարգանս բողոքողների պահանջների»։ Ընտրությունների ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։ «Ե՞րբ։ Դա կորոշեն իրավասու մարմինները։ Եվ ժողովուրդը ընտրություններում ցույց կտա, թե ինչ քաղաքականության է աջակցում», - հավելել է պետության ղեկավարը։ Ցուցարարների ներկայացուցիչները կոչ են արել քվեարկությունն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում և խոստացել են ներակայցնել իրենց թեկնածուների ցուցակը։ Սակայն Վուչիչի մերձավոր օգնականը Financial Times-ին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, ընտրությունները տեղի կունենան «ոչ շուտ, քան հաջորդ տարվա վերջը»։

Անցած հանգստյան օրերին Սերբիայում կրկին տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք նվիրված են եղել Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման տարելիցին, որի ժամանակ զոհվել է 16 մարդ։ Ցուցարարները կարծում են, որ ողբերգության պատճառը իշխանության վերնախավի կոռուպցիան և «քավոր-սանիկությունն» են և պահանջում են խորհրդարանի ցրումը և Վուչիչի հրաժարականը։ Նոյեմբերի 1-ին Նովի Սադում կայացած ակցիային մասնակցել է 39 հազար քաղաքացի, հայտնել է ՆԳՆ-ն։ Կիրակի օրը ցույցերը շարունակվել են։ Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ են եկել աջակցելու կայարանում զոհվածներից մեկի մորը՝ Դիանա Հրկիչին։ Նա հացադուլ էր հայտարարել խորհրդարանի մոտ։ Հանրահավաքի ժամանակ սկսվել են նախագահի ընդդիմադիրների և կողմնակիցների բախումներ, օգտագործվել են հրթիռներ։ Ոստիկանությունը ձերբակալել է 37 մարդու։ Վուչիչը մեղադրել է ցուցարարներին ԱՄՆ դեսպանատան հետ գործողությունները համակարգելու մեջ։

Սերբիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն մեկ տարի։ Առաջին երեք ամիսներից հետո հրաժարական է տվել վարչապետ Միլոշ Վուչևիչը։ Նաև կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում՝ շինարարության, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախկին նախարար Տոմիսլավ Մոմիրովիչը։ Նրանց մեղադրում են Նովի Սադի կայարանի վերակառուցման պայմանագրի կնքման ժամանակ Սերբիայի բյուջեին գրեթե 100 մլն եվրոյի վնաս հասցնելու մեջ։

Ավելի վաղ Վուչիչը հրաժարվել էր արտահերթ ընտրություններից։ Իսկ մարտ ամսից ի վեր նրա կողմնակիցները ճամբար էին հիմնել խորհրդարանի մոտ։ Նախագահը և նրա «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը» իշխանության ղեկին են 2012 թվականից։ Հասարակական կարծիքի՝ վերջին ամիսներին անցկացված հարցումների համաձայն՝ ուսանողների գլխավորած միացյալ ընդդիմադիր շարժման աջակցությունը կազմում է ավելի քան 40%, ինչը մոտ 10 տոկոսային կետով գերազանցում է Վուչիչի կուսակցության ցուցանիշը։